Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

«Արվեստում սուտը մի քանի անգամ ավելի ցցուն է երևում, քան նույնիսկ կյանքում»

«Արվեստում սուտը մի քանի անգամ ավելի ցցուն է երևում, քան նույնիսկ կյանքում»
23.10.2015 | 00:09

«Իրատեսի» հյուրը արձակագիր, դրամատուրգ, թատերագետ ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ-ԱՐԾՐՈՒՆԻՆ է:

«ԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԶԳՈՒՇԱՎՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ,
ԱՅԴՊԻՍԻՆ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ»


-Անուշ, գրականության, թատրոնի և թատերագիտության միջև ինչ-որ ներքին բաժանարար գիծ անցկացրե՞լ եք ինքներդ Ձեզ համար:
-Գրականությունն է ինձ ուղղորդել դեպի թատրոն, գիտեի, որ հեղինակի ստեղծած իրականությանը` գրքի վայելքին, կգումարվի նաև գրականության տեսողական մեկնաբանությունը, որը կդառնա կրկնակի վայելք՝ թատրոն անունով: Գրականությունը սնում է թատրոնը, թատրոնը` երևակայությունը, միտքը, հոգին, այսինքն` գրականությունը: Թատերագիտությունը մասնագիտությունս է, կոչումս` գրականությունը: Դրանք լրացնում են մեկը մյուսին, իսկ այդ երկուսի շոշափելի կապը իմ կյանքում եղավ դրամատուրգիան: Քանի որ դրամատուգիան նաև հստակ համակարգված գիտելիքներ է պահանջում, նաև կենսագրություն ու կյանքի փորձառություն` գրողի թիկունքում:
-Հակոբ Ղազանչյանի բեմադրած «Մերսեդեսը» թատերական կյանքում իրադարձություն էր: Դա նաև պայմանավորված էր Նորա Արմանիի խաղով: Գրական երկի այսօրինակ բեմական լուծումը կանխատեսելի՞ էր Ձեզ համար:
-«Մերսեդեսը» ժամանակակից բեմադրիչների հետ առնչվելու իմ չորրորդ առիթն էր: Դրամատուրգ-ռեժիսոր փոխհարաբերությունները բազմաթիվ մոդելներ ունեն, ու քանի որ չորս առնչություններս հիմնավորապես տարբեր ձեռագրերի, սերունդների, էսթետիկական հայացքների և անգամ` ազգության տեր բեմադրիչների հետ են եղել (այս տարի նաև Սանկտ Պետերբուրգում բեմադրվեց Կոմիտաս վարդապետին նվիրված պիեսս, որի բեմադրիչներից մեկը ռուս էր), ինչը համարում եմ իմ հարստությունը, ապա ես պատրաստ էի ցանկացած անսպասելի տարբերակի: Սակայն Հակոբ Ղազանչյանի հետ մեր առաջին հանդիպումներից հասկացա նրա մոտեցումը, այն հատկապես ընդգծում էր մեկ ճակատագրի` Զարուհու դրամատիկ կենսագրությունը` ավելի պայմանական լուծումների մեջ դնելով մյուս կերպարները: Տարբերակն ինձ համար ընդունելի էր, կարևորը` ասելիքը տեղ էր հասցված: Բեմը բեմադրիչի տարածքն է, գրականությունն արդեն միջնորդավորված է մեկ այլ ստեղծագործողի մեկնաբանությամբ: Սակայն երբեք չպետք է բեմադրիչը գրականությունը դարձնի զուտ իբրև առիթ իր ասելիքի համար, հարկավոր է գտնել այն կետը, որտեղ գրականությունն ու բեմը համերաշխության կգան: «Մերսեդեսն» այդ նուրբ սահմանին է կառուցված: ՈՒրախ եմ, որ դեռևս հակասական ապրումներ չեմ ունեցել՝ կապված որևէ պիեսիս բեմադրության մեկնաբանության հետ` թե՛ իբրև գրող, թե՛ իբրև թատերագետ: Նորա Արմանի-Զարուհին այս ներկայացման հաջողության գրավականներից մեկն էր: Միջազգային թատրոնում և կինոյում արդեն մեծ ու հարուստ կենսագրությամբ այս դերասանուհին իր վառ ու տպավորիչ ձեռագիրը բերեց բեմադրություն: Այժմ «Մերսեդեսը» Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկում է, Զարուհու դերում թատրոնի երիտասարդ ու շնորհալի դերասանուհիներից մեկն է՝ Նառա Սարգսյանը:
-«Որտե՞ղ կորցրինք Փարաջանովին» հոդվածում գրում եք. «…«ազգային» համարվող պիտակների միջոցով էժան զգայական-ազգասիրական հոգեվիճակներ առաջացնելով, զգայացունց ժեստ ու միմիկայով, միստիկ մթնոլորտով ու սև թավշով բեմը ողողելով՝ ազգային թեմաները բեմ չեն հանում, առհասարակ արվեստի շահարկման նյութ չեն դարձնում` արժեզրկելով ազգային ցավը»։ Ո՞րն է այդ արժեզրկումի և արժևորումի սահմանը, ինչպե՞ս այն շոշափել:
-Արվեստում սուտը մի քանի անգամ ավելի ցցուն է երևում, քան նույնիսկ կյանքում: Կան թեմաներ, որոնք առանձնահատուկ զգուշավոր մոտեցում են պահանջում, այդպիսին է մեզ համար ցեղասպանության թեման, քանի որ ցավը շատ կենդանի է, ու վերքը դեռ մխում է: Ավելորդ պաթետիզմ, լալկանություն և գերէմոցիոնալ գույներ ավելացնելը հանցանք կլինի: Առհասարակ, այս թեման ուղիղ ձևով արվեստի շահարկման նյութ դարձնելն անընդունելի է: Իմ երկու պիեսների` «Մերսեդես» և «Կոմիտաս. Լույս բարեբեր» բեմադրությունները երկու բեմադրիչներն էլ նվիրեցին ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, սակայն երկուսն էլ ուղղակիորեն ցեղասպանության թեման չեն շոշափում, այլ դրա ավերիչ հետևանքների մասին են` հայ ազգի ճակատագրի հետագա ընթացքի վրա: Քսաներորդ դարի Նոբելյան մրցանակակիր բելգիացի Մորիս Մետերլինկն ասում է` իրական դրամատիզմը բեռնված է լռության մեջ, իսկ լռությունը միայն կայանում է ամենաողբերգական պահերին: Խոսքերը փախուստ են իրականությունից, իսկ ամենաողբերգականի մասին շռայլ խոսքակույտը տուրք է ռեժիսորական անկարողության և ճաշակի բացակայության:

«ԾՆՆԴՅԱՆՍ ՊԱՀԻՑ ԲԱՐԴ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ԵՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՏ»


-«Հասցնել ապրել» պատմվածքում գրում եք. «Ասված է, թե կա ժամանակ, երբ պետք է ապրել, և մի ժամանակ էլ, երբ պետք է քաղել ապրածի պտուղները: Բայց եթե ճանապարհին սայթաքես, կհայտնվես լուսանցքից այն կողմ, ուր առաջին հայացքից ամեն ինչ այնքան ճիշտ է, և թվում է՝ ապրելու այնքան ժամանակ կա: Այնինչ լուսանցքը գնալով նեղանում է, և հանկարծ հասկանում ես, որ այլևս ոչինչ հնարավոր չէ վերադարձնել»: Լուսանցքից ներս և դուրս գտնվողները անպայման բախվո՞ւմ են միմյանց հետ, թե՞ ապրում են՝ չնկատելով միմյանց:
-Շնորհակալ եմ առաջին ժողովածուիս ևս անդրադառնալու համար: «Բարի գալուստ իմ հեքիաթ» ժողովածուում, որտեղ ընդգրկված է «Հասցնել ապրելը», թերևս շատ երիտասարդ եմ, բայց ավելի փիլիսոփա, քան, գուցե, հիմա: Գրքի վերնագրով ընթերցողին հրավիրեցի ի՛մ աշխարհը, այն անիրական աշխարհը, որը պարզապես հեքիաթ չէ, այլ «հեքիաթ» է մեծերի համար, որտեղ նրան արտասովոր զգացողություններ են սպասում: Գուցե այս էտապում բաց ապրումի անմիջական պոռթկման արդյունքում բնազդաբար շարադրածս հիմա ավելի լուրջ եմ վերլուծում: Եթե արվեստագետը ժամանակ առ ժամանակ չապրի լուսանցքից ներս ու դուրս գտնվողների ներքին բախումները, կանգ կառնի, ներքին զարգացումներ չի ունենա: Վերջերս «Գրական թերթի» «Ժամանակի գրողը» խորագրի ներքո էի հյուր և առիթ ունեցա խորհելու մարդու և ժամանակի հավերժական խնդրի շուրջ: Հայտնաբերեցի, որ ծննդյանս պահից բարդ հարաբերությունների մեջ եմ ժամանակի հետ, դեռ մանկուց շոշափել եմ ընթացքի արագությունն ու տագնապել` չհասցնելու մասին: Երբ գիտակցում ես երկրային առաքելությունդ, իրավունք չունես չհասցնելու, որովհետև վերևում չի ներվի անփութությունդ, իսկ մարդու երկրային կյանքը մի կանգառ է, որն ակնթարթորեն կարող է ավարտվել` մոտեցող գնացքի հայտնվելուն պես:
-Ձեր հերոսներից երկուսը՝ Ադելաիդան և Արտավազդը, իրենց դավանած բարոյական չափանիշներով, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությամբ, շատ ճանաչելի են մերօրյա իրականության մեջ: Սրանց կողքին կա նաև «քամուց քշված» մի կերպար՝ Ահարոն Գելլերը, որ նույնպես մեզ ծանոթ տեսակ է: Այս տեսակներից որի՞ն է պատկանում ապագան:
-Արտավազդը հավերժական տեսակ է` անպատասխանատու, մեծախոս ու սին, Ադելաիդան մեր անմխիթար ներկան է, երկրի սոցիալական վիճակն է նրան արժեքներից զրկել, նա տնանկ է ու մարդկային հարաբերություններում էլ այլևս ոչինչ չունի կորցնելու: Ահարոն Գելլերը բացառիկ տեսակ է, ո՛չ տարածված, նա այն մարդու տեսակն է, ով ներքին «ես»-ի որոնումների հետևից կարող է գնալ առանց կանգ առնելու, մինչև կգտնի վերին ճշմարտությունն ու կատարյալ ներդաշնակությունը` բնության և իր «ես»-ի հետ: Վերը թվարկված հերոսները իմ նոր` «Մոյրաների նոթատետրից» ժողովածուի ամենատարբեր բնակիչներն են, որոնց վերցրել եմ իրական կյանքից: Ժողովածուն կոչել եմ այդ դիցաբանական անունով, քանի որ գրքի 13 ստեղծագործություններից յուրաքանչյուրում մեկական ճակատագիր եմ բերում. մոյրաները հին հունական դիցարանում ճակատագրի աստվածուհիներն են և, ալեգորիկ լեզվով եթե արտահայտվեմ, ասես նրանց կիսաբաց նոթատետրից թափված թերթիկներից եմ որսացել այս գրքիս հերոսներին: Ավելի շուտ` ճակատագիրն է այս գրքի հերոսը: Այնտեղ է նաև «Պրոֆեսորը» վիպակը, որի գլխավոր հերոս Բժշկապետի կերպարն իրական, ազնիվ մտավորականի բացառիկ ու մեզանում քիչ-քիչ կորսվող տեսակն է: Մարդ, որ հանուն իր կոչման, առաքելության, հանուն մարդու կարող է զոհաբերել անձնական կյանքը և այնպիսի վարքագիծ ցուցաբերել, որն անտրամաբանական է այսօրվա մարդու դիտակետից: Նրան պետք է գտնենք ու փայփայենք մեր ապագայում:

«ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱԿՎԱԾ Է ՍՊԱՍԵԼՈՒ ԱՆՀԱՅՏԻՆ, ՔԱՆ ԱՊՐԵԼՈՒ»


-«Եվս մեկ թռիչք քաղաքի վրայով» թատերախաղի հերոսուհին ասում է. «…խավարում չեն ապրում, միայն սպասում են»: Եթե թատերախաղից դուրս գանք մեր այսօրյա իրականություն, ինչպե՞ս կբնորոշեք այն: Մեր հասարակությունն ապրո՞ւմ է, թե՞ սպասում:
-Քսաներորդ դարակեսի հայտնի աբսուրդիստ Սեմյուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս»-ը դեռ արդիական է, մարդ արարածն ավելի շատ հակված է սպասելու անհայտին, քան ապրելու: Առավել ևս` մեր հասարակությունը, քանի որ, ցավոք, վերևներից ամեն ինչ արվում է, որ մեր կեցությունը սեփական երկրում անհնարին դառնա: Բեքեթի պիեսը դատարկ տեղում չծնվեց, համաշխարհային պատերազմների արհավիրքները ճաշակած, շփոթված հասարակության անկումային տրամադրությունների արգասիքն էր այս սպասումը, մեր իրականությունը նույնպես ոչինչ չի խոստանում մեզ: Պատերազմի սպասում, քաղաքական խաղեր, մտավորականի չգնահատված կերպար, համատարած քաոս. ապրելու ամեն փորձ դատապարտված է փակ շրջանակի մեջ պարփակվելու: Այսուհանդերձ, «Թռիչք քաղաքի վրայով» պիեսիս բեմադրության հանդիսատեսը լուսավոր ապրումներով է համակվում, որովհետև չնայած խավարին, չնայած անելանելիությանը՝ կա մի ոլորտ, որի առջև անզոր են արքաներն ու ստրուկները: Դա սիրո ոլորտն է, լինի միջմարդկային, թե գլոբալ, երկնային սեր: Սա է ընկած թե՛ պիեսի, թե՛ բեմադրության հիմքում:
-Վերջերս մի հրապարակման մեջ ասել եք. «…քաղաքական կամ այլ ուժերը պետք է հետևեն արվեստագետին, եթե ուզում են բարձրացնել իրենց նկարագիրը և հետք թողնել պատմության մեջ»: Անկախ Հայաստանի պատմության մեջ կա՞ն այդպիսի ուժեր, որոնք հետևել են արվեստագետին ու վաղը կմնան պատմության մեջ:
-Այդ խոսքս էքզիստենցիալ բովանդակություն ունի, ավելի շուտ արվեստագետի՝ ազնվագույն տեսակին է վերաբերում, քան իշխող ուժերին: Ասել կուզեմ, որ երկրագունդը պտտվում է իրական արվեստագետի շուրջ, և ո՛չ հակառակը: Եվ նման արվեստագետներ, փա՛ռք Տիրոջը, բոլոր ժամանակներում կան, նրանց շնորհիվ է պտտվում պատմության անիվը: Մեր կողքին նույնպես ապրում են նման արվեստագետներ: Եթե նայենք իշխանավորների տեսանկյունից, պատմության մեջ քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ արվեստի միջոցով այս կամ այն ժամանակաշրջանում որևէ քաղաքական առաջնորդ մտել է պատմության մեջ: Վառ օրինակը արվեստում, այսպես կոչված, «ելիզավետյան» շրջանն է. «ելիզավետյան դրամա» ասելով՝ հասկանում ենք շեքսպիրյան դրամա, և՝ հակառակը: Չլիներ Ելիզավետա թագուհու մեծ սերը թատրոնի հանդեպ, գուցե մենք չունենայինք «Գլոբուս» թատրոնը, Շեքսպիր, Բըրբեջ դերասաններին: Ամբողջ վերածննդի արվեստը այս հարաբերության վրա է կառուցված: Եթե Մեդիչիները չլինեին այնքան բարձրաճաշակ ու չունենային այն գիտակցումը, որ արվեստն է գերագույն արժեքը, ոչ թե անցողիկ իշխանությունը, ապա Վերածննդի շրջանի գլուխգործոցները գուցե չծնվեին, չունենայինք Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Բրունելեսկի և Կարավաջո: Լյուդովիկոս 14-րդ արքան պատմության մեջ հիշատակվում է իբրև կլասիցիստական դրամատուրգիայի և թատրոնի հիմնադիր-հովանավոր, արվեստի մեջ այս ժամանակաշրջանն առհասարակ նրա անունից դուրս չի ընկալվում: Անգամ թատրոնի պատմության մեջ դեպքեր կան, երբ անձամբ հերցոգն է եղել թատրոնի գեղարվեստական ղեկավար: Խոսքը Սակսեն Մեյնինգենի հերցոգ Գեորգ 2-րդի մասին է, ում ղեկավարած Մեյնինգենյան թատրոնը արմատական ռեֆորմ մտցրեց 19-րդ դարավերջի գերմանական բեմում և դարձավ այն առաջին թատերական հարթակը, որն աշխարհին տվեց ռեժիսուրա մասնագիտությունը՝ իբրև ինքնուրույն, գեղարվեստական մասնագիտություն: 20-րդ դարը ավելի ցայտուն օրինակ է տալիս` Նոբելյան մրցանակակիր, գրող, դրամատուրգ և Չեխիայի պրեզիդենտ Վացլավ Հավելի կերպարը: Անցյալի համաշխարհային փորձին նայելու ունակությունը հավաստի արդյունքի և հաջող կառավարման երաշխիքներից մեկն է:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ